Մատչելիության հղումներ

Թրամփն այժմ էլ ցանկանում է Գազայի հատվածը դարձնել «ազատ գոտի»


ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կատարի էմիր Թամիմ իբն Համալ ալ Թանին, Դոհա, 15-ը մայիսի, 2025թ.
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Կատարի էմիր Թամիմ իբն Համալ ալ Թանին, Դոհա, 15-ը մայիսի, 2025թ.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն այժմ էլ ցանկանում է Գազայի հատվածը դարձնել «ազատ գոտի»։ Ավելի քան մեկուկես տարի արյունալի պատերազմի թատերաբեմ դարձած պաղեստինյան անկլավը, որտեղ 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Իսրայելի ռազմական գործողությունների հետևանքով տասնյակ հազարավոր խաղաղ բնակիչներ են սպանվել, Սպիտակ տան ղեկավարը շաբաթներ առաջ էլ առաջարկում էր վերածել մերձավորարևելյան Ռիվիերայի:

«Ես Գազայի համար հայեցակարգ ունեմ, որը կարծում եմ շատ լավն է՝ այն դարձնել ազատ գոտի, թույլ տալ Միացյալ Նահանգներին միջամտել և վերածել այն ազատ գոտու», - հայտարարեց ԱՄՆ նախագահը:

Թրամփը չհստակեցրեց՝ ինչ նկատի ունի «ազատ գոտի» ասելով, ով և ինչ միջոցներով է վերականգնելու օդային ծանր հարվածներից մեծամասամբ հողին հավասարեցված շրջանը, բայց որոշ փակագծեր, այդուհանդերձ, բացեց․ ինչպես նախկինում, այսօր էլ պնդեց՝ բնակչությանը պետք է տեղափոխել, բնակեցնել այնպիսի տներում, որտեղ նրանք անվտանգ կլինեին՝ մի առաջարկ, որը մերժում են թե՛ բնիկները, թե՛ հարևան երկրների առաջնորդները։

Մինչ Թրամփը խոսում էր Գազայի հատվածում իր ցանկալի պլանների մասին, Իսրայելի բանակը շարունակում էր ռմբակոծել պաղեստինյան անկլավը, որտեղ միայն այսօր առնվազն 100 մարդ է զոհվել, հիմնականում՝ կանայք և երեխաներ, հարավային Խան Յունիսում տների և վրանների վրա ավիահարվածների հետեւանքով։ Իսրայելի բանակը չի մեկնաբանել այս ու վերջին օրերին կտրուկ ակտիվացած ռազմական գործողությունները, որ տեղի են ունենում մերձավորարևելյան տարածաշրջան Միացյալ Նահանգների նախագահի այցի ֆոնին:

Իսրայելի աջակողմյան կառավարությունն առհասարակ վերջին օրերին ընդգծված դիվանագիտական լռություն է պահպանում, մինչ Թրամփը շարունակում է հանդիպումները հարևան երկրների ղեկավարների հետ։
Մերձավորարևելյան ուղևորության ընթացքում Իսրայելը շրջանցելու Թրամփի որոշումն արդեն հարցեր է առաջացրել․ ԱՄՆ նախագահը նախընտրել է լինել Պարսից ծոցի հարուստ երկրներում՝ Սաուդյան Արաբիայում, նաև՝ Կատարում, որին իսրայելցի պաշտոնյաները մեղադրում են թշնամական «Համաս»-ին աջակցելու մեջ:

Այս այցերից առաջ էլ Իսրայելում անթաքույց դժկամությամբ էին հետևում Միացյալ Նահանգների և Իրանի միջև բանակցություններին, ինչպես նաև Իրանի աջակցությունը վայելող Եմենի հութիների դեմ հարվածները դադարեցնելու Թրամփի որոշմանը։

Բայց իսրայելցի պաշտոնյաները ստիպված էին լռել ու զերծ մնալ քննադատություններից, քանի որ Վաշինգտոնը զուգահեռ բանակցում էր պաղեստինյան զինված խմբավորման հետ՝ Գազայում վերջին կենդանի մնացած ամերիկացի պատանդ Էդան Ալեքսանդրին տուն վերադարձնելու համար:

Իսկ այդ ընթացքում Իսրայելը նաև լսում էր, թե ինչպես է Թրամփը հայտարարում Սիրիայի դեմ պատժամիջոցները չեղարկելու իր մտադրության մասին, կոչ անում կարգավորել հարաբերությունները Դամասկոսի նոր կառավարիիչների հետ՝ այն դեպքում, երբ Նեթանյահուի վարչակազմը պնդում էր, թե Ասադներին փոխարինել են ջիհադիստները, որոնք կարող են նոր մարտահրավեր դառնալ պայթյունավտանգ տարածաշրջանում։ Թրամփը, սակայն, փաստացի անտեսել է այդ դաշնակցի հորդորները և նախապատվություն տվել Սաուդյան Արաբիայի գահաժառանգի ու Թուրքիայի նախագահի՝ Սիրիայի ժամանակավոր ղեկավարի հետ հանդիպելու խնդրանքին:

Այդուհանդերձ, Սպիտակ տան ղեկավարը հերքում է Իսրայելի հետ հարաբերություններում լարվածության, մերձավոր դաշնակցին երկրորդ պլան մղելու վերաբերյալ ենթադրությունները։ Ավելին, ինչպես Թրամփն է պնդում՝ իր այցը Մերձավոր Արևելք ի վերջո օգուտ կբերի նաև բարեկամ Իսրայելին․ - «Սա շատ լավ է Իսրայելի համար՝ ունենալ այնպիսի հարաբերություններ, ինչպիսին ես ունեմ այդ երկրների հետ, Մերձավոր Արևելքի երկրների հետ, ըստ էության՝ նրանց բոլորի հետ»:

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն որևէ կերպ չի արձագանքել ԱՄՆ նախագահի հայտարարությանը՝ բացի շնորհակալությունից, որ հայտնել է Թրամփին ԱՄՆ և Իսրայելի քաղաքացի պատանդին վերադարձնելու համար։ Ընդ որում, այդ պայմանավորվածությունը Սպիտակ տան ղեկավարը ձեռք է բերել պաղեստինյան խմբավորման հետ ուղիղ բանակցություններում՝ առանց Իսրայելի մասնակցության:

Արդյոք Իսրայելն ունի մտահոգություն, որ անտեսվել է մերձավոր դաշնակից Վաշինգտոնի կողմից, հրեական պետության արտգործնախարարության խոսնակը հարցին այսպես է արձագանքել․ - «Միացյալ Նահանգներն ինքնիշխան երկիր է»։

Եվ չնայած դաշնակից Իսրայելում ակներև խանդի տեսարաններին, նախագահ Թրամփն «արդյունավետ», «պատմական», «աննախադեպ» բառերով է գնահատում իր մերձավորարևելյան ուղևորությունը՝ բեղմնավոր բանակցություններ ունենալով նավթով հարուստ Սաուդյան Արաբիայի, Կատարի հարուստ թագավորությունների ներկայացուցիչների հետ:

Այդ երկու երկրների հետ բանակցությունների արդյունքում հարյուր միլիարդավոր դոլարների գործարքներ են կնքվել՝ նավթից ու գազից մինչև սպառազինության ոլորտում երկկողմ համագործակցություն։

Առանձնահատուկ ուշադրություն էր հատկացվել ամերիկյան պատվիրակության ճոխ ընդունելությանը։ Դոհայում Թրամփը հյուրընկալվել էր թագավորական պալատի մի սենյակում, որի կահույքի վրա ոսկուց պատրաստված դետալներ կային՝ ճոխություն, որը նույնիսկ ԱՄՆ մեծահարուստ նախագահին զարմացրեց. - «Այստեղ նայեք, տեսեք ինչ գեղեցիկ է։ Որպես շինարար եմ ասում՝ սա իդեալական մարմար է։ Այն, ինչ անվանում են perfecto»:

ԱՄՆ նախագահը հաճոյախոսություններ շռայլեց նաև Կատարի իշխանությունների հասցեին, ասաց՝ էմիր Թամիմ իբն Համալ ալ Թանին ու ինքը վաղուց են իրար համակրում։ Իսկ համակրանքը Կատարի թագավորական ընտանիքը յուրատեսակ ժեստով արտահայտեց ՝ Թրամփին նվիրելով 400 միլիոն դոլարանոց շքեղ մի օդանավ, որն արդեն ստացել է «թռչող դղյակ» անվանումը։ Չնայած ԱՄՆ օրենքն արգելում է նախագահին 400 դոլարից ավելի արժեք ունեցող նվեր ընդունել, Սպիտակ տան ղեկավարն, այդուհանդերձ, չհրաժարվեց ոսկեզօծ նախշերով օդանավից․ - «Ինչո՞ւ չընդունեմ նվերը։ Մենք բոլորին տալիս ենք, ինչո՞ւ չպետք է ես վերցնեմ»։



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG