Պատմական հանդիպում, որը կարող է դուրս բերել Սիրիան տասնամյակներ ձգվող միջազգային մեկուսացումից․ այսպես են արևմտյան լրատվամիջոցները նկարագրում Միացյալ Նահանգների նախագահ Թրամփի ու Սիրիայի ժամանակավոր առաջնորդ ալ-Շարաայի՝ Ռիյադում տեղի ունեցած բանակցությունները։ Հանդիպումը փակ էր, տարածվել են միայն մի քանի լուսանկարներ, սակայն մինչ այդ արդեն Սպիտակ տան ղեկավարը Ռիյադում արդեն շրջադարձային հայտարարություն էր արել՝ խոստանալով նոր էջ սկսել երկկողմ հարաբերություններում:
«Մենք այժմ քննարկում ենք Սիրիայի նոր կառավարության հետ հարաբերությունները կարգավորելու հնարավորությունը։ Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամեդի և Թուրքիայի նախագահի հետ զրույցից հետո ես նաև հրահանգել եմ չեղարկել Սիրիայի դեմ պատժամիջոցները և նոր սկիզբ դնել նրանց հետ հարաբերություններում», - ասել էր Դոնալդ Թրամփը:
ԱՄՆ նախագահի այս հայտարարությունը Սիրիայի քաղաքներում հրավառությամբ են ողջունել: Շատերն են սա փրկօղակ համարում 23,5 միլիոնանոց երկրում, որը վերջին տասնամյակում բզկտված էր ներքին ու արտաքին պատերազմներում, չէր կարող ներգրավել արտաքին ներդրումներ կամ միանալ համաշխարհային ֆինանսական համակարգին.
«Գները կկայունանան, և հիմա արդեն առավել հեշտ կլինի Սիրիայից դուրս, դրսից՝ Սիրիա փող փոխանցելն ու առևտուրը ... »։
«Մենք մեկուսացված, կտրված ենք ամեն ինչից: Մեր ունեցած համակարգչային ծրագրերն անգամ արտոնագրված չեն։ Հիմա, երբ պատժամիջոցները վերացվեն, մենք կկարողանանք օգտվել էլեկտրոնային վճարումներից ու առցանց առևտրից։ Նախկինում այդ համակարգերին միանալ չէինք կարող ... »:
Ընդ որում, ավելի ուշ իսրայելական լրատվամիջոցները, հղում անելով դիվանագիտական աղբյուրներին, հաղորդեցին, որ անցած ամիս Վաշինգտոն կատարած այցի ժամանակ վարչապետ Բենյամին Նեթանյահուն խնդրել է Թրամփին պահպանել ճնշումները Սիրիայի նկատմամբ։ Իսրայելում շարունակում են պնդել, թե Ասադների տապալումից հետո Դամասկոսում իշխանության են եկել ջիհադիստները, որոնք կարող են նոր մարտահրավեր դառնալ պայթյունավտանգ տարածաշրջանում։ Թրամփը, սակայն, փաստացի մերժեց Նեթանյահուին՝ նախապատվություն տալով Սաուդյան Արաբիայի գահաժառանգի ու Թուրքիայի նախագահի խնդրանքին, ով հեռախոսով էր միացել հանդիպմանը։
Ալ-Շարաայի հետ հանդիպումն արտառոց է նաև այլ պատճառներով: Նախ՝ անցած 25 տարում Սպիտակ տան ղեկավարն առաջին անգամ էր Սիրիայի առաջնորդի հետ դեմ առ դեմ բանակցում, մինչ այդ՝ 2000-ին Բիլ Քլինթոնն էր հանդիպել Բաշար ալ-Ասադի հոր՝ Հաֆեզ Ասադի հետ։ Բայց առավել կարևոր է ալ-Շարաայի անցյալը․Սիրիայում շխխանության գալուց առաջ նա կապեր է ունեցել «Ալ-Ղաիդա» ահաբեկչական խմբավորման հետ, ժամանակին եղել է Միացյալ Նահանգների կողմից որոնվող ահաբեկիչների ցանկում և նույնիսկ մի քանի տարի անցկացրել ամերիկյան բանտում։
Այսօր նրա հետ կարճատև հանդիպումից հետո Թրամփն ինքնաթիռում ասել է, թե ալ-Շարաան երիտասարդ ու խիզախ առաջնորդ է, որը կարող է ոտքի կանգնեցնել երկիրը։
Սպիտակ տան հաղորդմամբ, ԱՄՆ նախագահը նաև կոչ է արել Շարաային կարգավորել հարաբերությունները Սիրիայի վաղեմի թշնամի Իսրայելի հետ՝ միանալով 2000-ին ԱՄՆ-ի միջնորդությամբ կնքված «Աբրահամի համաձայնագրերին»։ Ըստ Թրամփի, ալ-Շարաան համաձայնել է հարաբերություններ հաստատել Իսրայելի հետ, Դամասկոսից, սակայն, այս լուրը դեռ չեն հաստատել։ Հայտնի է միայն, որ վաղը այս և մյուս հարցերը քննարկելու համար Սիրիայի ու Միացյալ Նահանգների արտգործնախարարներն առանձին հանդիպում կունենան Թուրքիայում՝ նաև այդ երկրի արտգործնախարար Հաքան Ֆիդանի մասնակցությամբ։