Մատչելիության հղումներ

Էկոնոմիկայի նախարարի համար անհասկանալի է վրացական կողմի վարքագիծը՝ հայկական մեքենաների հետ կապված


Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի համար անհասկանալի է, թե ինչու է վրացական կողմը շաբաթներով կամ ամիսներով կանգնեցնում հայկական մեքենաները:

«Անկեղծ պիտի լինեմ՝ պատճառները մեզ համար անհասկանալի են, և փորձում ենք բոլոր մակարդակներում խնդրին լուծում գտնել», - ասաց նա:

Նախարարը հայտնեց, որ առաջիկա օրերին այցելելու է Վրաստան՝ խնդիրը տեղում հասկանալու և լուծելու համար:

Մի քանի օր առաջ կոնյակ արտադրող ու բեռնափոխադրող ընկերությունների աշխատակիցները Վրաստանի դեսպանատան առջև բողոքի ակցիա էին արել՝ հարցնելով՝ ինչո՞ւ են Հայաստանից Ռուսաստան արտահանվող ալկոհոլային խմիչքները Վրաստանով անցնելիս ստուգումների ենթարկվում, եթե վրացական շուկայում չեն վաճառվելու:

Կոնյակով բեռնված մեքենաներն, ըստ դեսպանատան առջև հավաքված կոնյակագործների, Վրաստանի Գեզի մաքսային տերմինալում են ստուգվում, որտեղ հիմնականում խիստ վտանգավոր բեռներ տեղափոխող մեքենաներն են:

Վրացական կողմն էլ մինչև այսօր պաշտոնական պատասխան չունի, թե ինչու են հայ կոնյակագործներն իրենց մաքսային տարածքում այսպիսի խնդիրների առաջ կանգնում:

Բողոքի ակցիայի մասնակիցներից երկուսը դեսպանի հետ հանդիպումից հետո փոխանցել էին՝ դեսպանը լսել է իրենց, ընդգծել, թե խնդրի մասին նոր է տեղեկանում՝ չնայած անցած շաբաթվանից այս թեման ակտիվ քննարկվում էր ոչ միայն մամուլում, այլև խորհրդարանում:


XS
SM
MD
LG