Վարչապետը մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի՝ վաղը նախատեսված գագաթնաժողովին, նրան ուղեկցում է արտգործնախարարը:

Վարչապետի գրասենյակից տեղեկացրին միջազգային գործընկերների հետ նախատեսված երկկողմ հանդիպումների մասին, առանց հստակեցնելու՝ ում հետ:

Նույն միջոցառմանը մասնակցելու համար Տիրանայում է նաև Ադրբեջանի նախագահը:

Արդյոք երկու երկրների ղեկավարները կհանդիպե՞ն, թե՞ հնարավոր է արտգործնախարարների հանդիպում, դեռ պարզ չէ:

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը ստեղծել է Եվրոպական խորհուրդը 2022-ին՝ Ուկրաինայի դեմ ռուսական ռազմական ագրեսիայից հետո։

Այդ գագաթնաժողովի շրջանակներում երկու անգամ տեղի է ունեցել Փաշինյան-Ալիև հանդիպում։ Առաջինը 2022-ին Պրահայում էր, երբ կողմերը հայտարարեցին, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի շրջանակներում։ Երկրորդը՝ 2023 -ի հունիսին, երբ Փաշինյանն ու Ալիևը հանդիպեցին Քիշնևում։

Ադրբեջանի նախագահի մասնակցության մասին պաշտոնական տեղեկություն չի հաղորդվել: