«Լելե Թեփեի» գործը հասավ դատարան. Սեյրան Օհանյանի արձագանքը որդուն առնչվող գործին

ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

«Առաջինը դո՛ւ պտի գնաս ու դու կգնա՛ս [«ԱԱԾ-ի պադվալ». - խմբ.]». - վարչապետ Նիկոլ Փաշինյանի և ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի միջև աղմկահարույց այս միջադեպից մեկ շաբաթ էլ չանցած Դատախազությունը հաղորդեց՝ Օհանյանի որդու վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան: Գործն առնչվում է 44-օրյա պատերազմի դրվագներից մեկին, որը հայտնի է որպես «Լելե Թեփե» օպերացիա, առանցքային մեղադրյալը Սեյրան Օհանյանի որդի Արթուր Օհանյանն է:

Ըստ Դատախազության՝ պաշտպանության նախկին նախարարի որդին ձախողել է «Լելե Թեփե» օպերացիան: Գնդապետ Օհանյանին պատերազմի օրերին Պաշտպանության բանակի հրամանատարը հանձնարարել է հարձակման անցնել Հորադիզի արևմտյան եզր-լեռ Լյալյա-Իլյագի ուղղությամբ և վերականգնել ճեղքված բնագիծը, Օհանյանը, ըստ իրավապահների, հակահարձակման ժամանակ չի պահպանել զինծառայության կարգը և հրաժարվել է կատարել զինվորական պարտականությունները:

«Ա.Օ.-ի [Արթուր Օհանյանի] կողմից մարտական գործողությունների վարման կարգը ճիշտ չկատարելու, վատ ղեկավարման, ենթակա ստորաբաժանումների միջև փոխգործակցություն չապահովելու, խախտված երթակարգի, ուժերի ու միջոցների անկանոն բաշխման, հակառակորդի հետ հանդիպելիս, ինչպես նաև մարտի ներգրավվելուց հետո հետագա գործողությունների շրջանակը նախապես պլանավորած չլինելու հետևանքով՝ նրա հրամանատարությամբ գործող ստորաբաժանումները կարգադրությամբ սահմանված ելման շրջան են հասել և դեպի խնդրի կատարման վայր շարժվել ինչպես նախանշված ժամի, այնպես էլ ռազմական տեխնիկայի ու անձնակազմի անհամեմատ քիչ քանակությամբ՝ ձախողելով տրված մարտական առաջադրանքը», - ասված է Դատախազության հաղորդագրությունում:

Գնդապետի հայրը՝ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր ասաց՝ ոչ միայն այս, այլև առհասարակ որևէ ռազմական օպերացիայի հրապարակային չի անդրադառնում, բայց և շեշտեց՝ իր որդին հրաման է կատարել. - «Իմ որդին մասնակցել է այդ գործողություններին, որի ղեկավարումը ինքը չէ իրականացրել, ինքը պարզապես մասնակցել է այդ հակահարվածին, ղեկավարումը իրականացվում է, կարծեմ, Պաշտպանության բանակի հրամանատարը»:

44-օրյա պատերազմի այդ փուլում Արցախի Պաշտպանության բանակի հրամանատարը Ջալալ Հարությունյանն էր: Նա, սակայն, մոտ մեկուկես տարի առաջ Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով արդարացվել էր, պարզվել էր, որ Հարությունյանը չէ, որ տանուլ է տվել օպերացիան։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ջալալ Հարությունյանն արդարացվել է Լելե Թեփե բարձունքը հետ գրավելու փորձի դրվագով

Սեյրան Օհանյանն այսօր խոսում էր առաջին հերթին ռազմաքաղաքական ղեկավարության պատասխանատվության մասին:

«Առաջին հերթին հենց վերևից պետք է սկսվի՝ այն մակարդակից, որոնք որ ռազմաքաղաքական իրավիճակի գնահատման արդյունքում են որոշումներ ընդունում և բանակին թիկունք կանգնում, բանակը համարում, տարբեր տիպի համակողմանի ապահովման միջոցառումներ իրականացնում նաև երկրի խորքում, որպեսզի բանակը կարողանա, ասենք, իր առջև դրված խնդիրը իրականացնի: Ես նկատի ունեմ՝ դա Կառավարությունն է, դա Անվտանգության խորհուրդն է, դա օրենսդիր մարմինն է, դա գործադիրի բոլոր այն գերատեսչություններն են, ովքեր որ պաշտպանական քաղաքականության մեջ խնդիրներ ունեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց պաշտպանության նախկին նախարարը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Եթե մամուլով առաջնորդվեմ, սաղիդ պիտի լցնեմ ԱԱԾ պադվալ». Փաշինյանը՝ ընդդիմադիրներին

Լելե Թեփեն հետ գրավելու մասին 2021-ին Ազգային ժողովում խոսել էր վարչապետը: Նիկոլ Փաշինյանը չէր հերքել՝ ինքը մասնակցել է քննարկումներին, բայց բարձունքը հետ գրավելու հրահանգ չի տվել:

«Հիմա էլ ասում են՝ ես որոշում եմ կայացրել, որ Սերժ Սարգսյանը Լելե Թեփեն հանձնել է, ես ասել եմ՝ գնացեք, գրավեք, և այդ համատեքստում 700 զոհ է եղել, կատարյալ անհեթեթություն: Այդ օպերացիայի առաջարկի հեղինակը եղել է գեներալ, այդ առաջարկն ընդունելի է համարել գեներալ, այդ առաջարկը կյանքի կոչելու հնարավորության գնահատումն իրականացրել է գեներալ», - ասել է վարչապետը:

Փաշինյանն այն ժամանակ մեղադրանքի սլաքներն ուղղում էր դեպի Ջալալ Հարությունյանը: Պաշտպանության բանակի նախկին հրամաանտարը 44-օրյա պատերազմից հետո լռություն է պահպանում՝ անարձագանք թողնելով պատերազմի պարտության հարցում զինվորականներին ուղղված իշխանականների տարատեսակ մեղադրանքները: Նախկին բարձրաստիճան զինվորական Սեյրան Օհանյանը, որին Փաշինյանը անցած շաբաթ սպառնում էր ուղարկել «ԱԱԾ պադվալ», այսօր պնդեց՝ իր որդու նկատմամբ տեղի ունեցողը նաև իրեն ճնշելու համար է արվում:

«Իմ անձով պայմանավորված շատ բան եմ ես տեսնում, իհարկե, տեսնում եմ, բայց ի տարբերություն շատ-շատերի ես այդ պատասխանատվությունից երբևիցե չեմ խուսափում: Ինչպես տեսնում եք, ես նախկինում եղել եմ պաշտոնյա, հիմա գտնվում եմ Հայաստանում, ինտենսիվ մասնակցում եմ տարբեր դատական պրոցեսների, հարցաքննությունների և երբևիցե չեմ խուսափում: Ես և իմ որդին մեր հայրենիքից ուրիշ տեղ գնալու տեղ չունենք», - նշեց Օհանյանը:

Սեյրան Օհանյանի որդու՝ Արթուր Օհանյանի խափանման միջոցը երկրից բացակայելու արգելքն է: