Կրեմլը դեռ չի հայտնում, թե կգնա արդյոք Պուտինը Ստամբուլ՝ վաղը բանակցելու Զելենսկու հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտին, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկի, կոլաժ, արխիվ

Ստամբուլում նախատեսված ռուս - ուկրաինական ուղիղ բանակցություններին հաշվված ժամեր են մնացել, սակայն Կրեմլը դեռ չի հայտնել՝ կգնա՞ Վլադիմիր Պուտինը Վլադիմիր Զելենսկու հետ բանակցելու: Ռուսաստանի նախագահի խոսնակն այսօր միայն ասել է, որ երկու երկրների միջև ուղիղ բանակցություններ անցկացնելու Պուտինի առաջարկը դեռ ուժի մեջ է, ռուսական պատվիրակությունը Ստամբուլում կսպասի ուկրաինացի գործընկերներին:

Դմիտրի Պեսկովը նաև պարզաբանել է, թե ինչու Մոսկվան դեռ չի հրապարակել իր պատվիրակության կազմը. - «Մենք կհրապարակենք ռուսական պատվիրակության կազմը, երբ ստանանք նախագահի համապատասխան հրահանգը: Դեռ նման հրահանգ չի եղել»:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ

Կիևում դեռ չեն որոշել, թե ինչ ձևաչափով են մասնակցելու Ստամբուլի բանակցություններինՌուսական պատվիրակությունը կսպասի Ուկրաինայի ներկայացուցիչներին Ստամբուլում. ՊեսկովԴեռ հայտնի չէ՝ Պուտինը կմեկնի բանակցությունների, թե ոչ. Թրամփը չի բացառել իր մասնակցությունը

Վլադիմիր Զելենսկին երեկոյան ուղերձում ասել է, որ իր թիմը պատրաստում է իր այցը, ապա հավելել է, թե ամեն ինչ անում են, որ հանդիպումը կայանա, քանզի Պուտինից է կախված պատերազմի ելքը: Եթե Պուտինը չգա հանդիպմանը, մեկընդմիշտ կապացուցի, որ չի ցանկանում ավարտել պատերազմը, ասել է նա:

«Պուտինը Ռուսաստանում միակ մարդն է, որը որոշում է ամեն ինչ, ուստի նա է կարգավորելու հակամարտությունը։ Սա նրա պատերազմն է։ Հետևաբար, բանակցությունները պետք է լինեն հենց նրա հետ», - ընդգծել է Ուկրաինայի նախագահը:

Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարն էլ ասել է, որ Զելենսկին Թուրքիա կմեկնի, նույնիսկ եթե Պուտինը հրաժարվի ուղիղ շփումից։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Եթե Պուտինը չգա, դա կլինի վերջնական կետը. Զելենսկի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն, իր հերթին, ասել է, որ չգիտի՝ Պուտինը կգնա՞ Ստամբուլ, թե՞ ոչ, ապա հավելել է՝ Կրեմլի ղեկավարը կցանկանար, որ ինքը գնար Թուրքիա: «Չգիտեմ՝ նա կգնա՞ այնտեղ, թե՞ ոչ, եթե ես այնտեղ չլինեմ: Մենք դա շուտով կիմանանք», - ասել է Թրամփը, ով երեկ հայտնել էր, որ բանակցությունները մոդերացնելու նպատակով Թուրքիա կմեկնի ԱՄՆ պետքարտուղարը:

Ֆրանսիայի նախագահն էլ երեկ ասել էր, որ 30-օրյա հրադադարը թույլ կտա վերսկսել բանակցությունները: TF1 հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Էմանյուել Մակրոնն նշել է, թե Ուկրաինայում քաջ գիտակցում են, որ չեն կարող վերադարձնել տարածքները, որոնք Ռուսաստանը գրավել է 2014-ից հետո։ Եթե Մոսկվան առաջիկայում չհամաձայնի հրադադարին, ապա Եվրամիությունը պատժամիջոցներ կկիրառի, հայտարարել է Մակրոնը:

«Ռուսաստանը մերժում է գաղափարը, որ հրադադարն անվերապահ է։ Նրանք ցանկանում են, որ այն Թուրքիայում կայանալիք քննարկումների մաս լինի … Եթե հաստատեն, որ մերժում են, ապա մտադիր ենք կրկին պատժամիջոցներ կիրառել», - ասել է Ֆրանսիայի նախագահը:

Ամերիկագետ Ալեքսանդրա Ֆիլիպենկոն «Ազատության» «Նաստոյաշչեե Վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ Թրամփը ցանկանում է ճնշել Ռուսաստանին, որպեսզի Թուրքիայում որևէ համաձայնություն ձեռք բերվի: Քաղաքագետը թերահավատ է, թե Պուտինը կմեկնի Թուրքիա, որը ՆԱՏՕ-ի անդամ է։

«Դժվար թե Պուտինը համարձակվի նման բան անել: Դոնալդ Թրամփը հենց դրան է սպասում։ Նա կարծում է, որ դա կդրդի Ռուսաստանին Ստամբուլում ինչ-որ պայմանավորվածություններ ձեռք բերել կամ առնվազն բանակցություններ սկսել», - նշել է Ֆիլիպենկոն:

Ըստ քաղաքական մեկնաբան Ալեքսանդր Ֆրիդմանի՝ Կրեմլը դեռ չի հայտարարել ստամբուլյան հանդիպմանն իր ներկայացուցչի անունը, քանի որ ուղիղ բանակցելու Պուտինի առաջարկն իմպրովիզացիա էր, որին ուկրաինական կողմն արձագանքեց շատ արագ, և Մոսկվան հիմա չգիտի, թե ում ուղարկի:

«Եվ հիմա Մոսկվան մտածում է, թե ինչպես արձագանքի դրան, քանի որ այլևս հաղթաթղթեր չկան, և ընդհանրապես ոչ մի խաղաթուղթ չի մնացել։ Չգնալը վատ տարբերակ է։ Գնալը և արդյունքի չհասնելը՝ նույնպես», - ընդգծել է Ֆրիդմանը:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Կիևից պնդում են՝ Զելենսկին Պուտինից բացի Ստամբուլում որևէ այլ ռուս պաշտոնյայի հետ չի հանդիպի

Վաղվա զարգացումներին ընդառաջ Գերմանիայի կանցլերն Արևմուտքին կոչ է արել Ուկրաինայի հարցում լինել միաբան և խոստացել է ամեն ինչ անել դրա համար: Ընտրվելուց հետո խորհրդարանում ունեցած առաջին ծավալուն ելույթում Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է՝ Արևմուտքի համար չպետք է ընդունելի լինի Կիևին պարտադրված խաղաղությունը, ոչ էլ ստատուս քվոն, քանզի միայն Ուկրաինայի ճակատագիրը չէ, որ կախված է այս սարսափելի պատերազմի արդյունքից:

«Այս պատերազմի արդյունքը կորոշի, թե արդյոք Եվրոպայում և աշխարհում կշարունակեն գերիշխել օրենքն ու կարգուկանոնը, թե՞ կգերակշռեն բռնապետությունը, ռազմական ուժը և ամենաուժեղի ակնհայտ իրավունքը», - ասել է Մերցը:

Մինչ Մոսկվան չի համաձայնում 30-օրյա հրադադարին, այսօր Եվրոպական միությունը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը: Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենը X-ում գրել է, որ դրանք վերաբերում են մարտադաշտում կիրառվող տեխնոլոգիաներին: Պատժամիջոցների տակ կհայտնվի նաև ռուսական «ստվերային նավատորմի» ևս 189 նավ։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ ԵՄ-ը համաձայնեցրել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 17-րդ փաթեթը


Այս ընթացքում ռուսական զինուժն անօդաչուներով հարվածել է Խարկովի, Օդեսայի, Դոնեցկի և Կիրովոգրադի, Ռիվնոյի շրջաններին, կան վիրավորներ, Սումիում կա մեկ զոհ, երկու վիրավոր: Ռուսական կողմը հայտնել է, որ Դոնեցկում ևս մեկ բնակավայր է վերցրել: Ուկրաինական կողմն, իր հերթին, անօդաչուներով հարվածել է Բելգորոդին, կա 16 տուժած: