2024-ին զոհվել  է 40 զինծառայող, որից 27-ը՝ ծառայության հետ կապված հանգամանքներում. դատախազ

Գխավոր դատախազ Աննա Վարդապետյանի և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորությամբ ամփոփվել են Զինվորական դատախազության 2024 թվականի աշխատանքները, 7-ը մարտի, 2025թ.

2024 թվականի ընթացքում Հայաստանի զինված ուժերում զոհվել է 40 զինծառայող, այսօր հայտնել է զինվորական դատախազ, գլխավոր դատախազի տեղակալ Գրիգոր Էլիզբարյանը:

Զինվորներից 27-ը մահացել են ծառայության հետ կապված հանգամանքներում՝ հակառակորդի կողմից՝ 4 ԵԿՄ անդամ, սպանության հետևանքով՝ 5, որից՝ 1 ԵԿՄ անդամ, մեկ վարժական հավաքի մասնակից մահացել է հրդեհի հետևանքով, ինքնասպանություն և ինքնասպանության հասցնելու հետևանքով՝ 7-ը, ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 4-ը, մարտական մեքենաներ վարելու կանոնների խախտում՝ 1, ավիավթար՝ 2, հիվանդություն՝ 3:

Ըստ զինվորական դատախազի տվյալների՝ ծառայության հետ չկապված հանգամանքներում 13 զինծառայող է զոհվել:

Զեկույցը ներկայացվել է Գլխավոր դատախազի և պաշտպանության նախարարի գլխավորությամբ Զինվորական դատախազության աշխատանքների քննարկման ժամանակ:

Բանակի խնդիրներով զբաղվող իրավապաշտպանները տևական ժամանակ է` քննադատում են իշխանություններին փակ համակարգ համարվող զինված ուժերն անարդյունավերտ կառավարելու, կանոնադրական հարաբերությունները չպահպանելու համար:

Իրավապաշտպանները նշում են, որ սովորաբար զինված ուժերում սպանությունների կամ ինքնասպանությունների դեպքերում իրավապահները սահմանափակվում են բացառապես հանցագործությունը կատարողներով, ու լուսանցքից դուրս է մնում բանակի ղեկավար կազմը, որին էլ հանձնված է զինվորների կյանքն ու առողջությունը: