Առավոտյան Հայաստանի պաշտպանության նախարարությունը հերքեց ադրբեջանական հերթական մեղադրանքը, թե հայկական զինուժը Գորիսի ու Ճամբարակի ուղղություններով տեղակայված դիրքերից երեկ երեկոյան մինչև 21:30՝ 45 րոպե, հրաձգային զենքերից պարբերաբար կրակ է բացել ադրբեջանական ստորաբաժանումների ուղղությամբ: Բաքուն պնդել է՝ իրենք պատասխան գործողություններ են ձեռնարկել: Ադրբեջանական կրակոցների մասին, սակայն, Հայաստանի ռազմական գերատեսչությունը չի հաղորդել:
Իսկ Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ և Խոզնավար գյուղերում ադրբեջանական կրակոցները լսել են՝ երեկոյան 10-ին:
«Թեթև, 10-ին», - «Ազատությանը» փոխանցեց Խոզնավարի գյուղապետ Վահան Զաքարյանը՝ հավելելով, որ դրանից հետո կրակոցները չեն շարունակվել, վնասներ չկան:
Խնածախի բնակիչներից մեկը չներկայանալու պայմանով պատմեց, որ երեկոյան 10-ից բացի նաև լուսադեմին` 4:30 են ադրբեջանցիները կրակել, իսկ հայկական կողմից, ըստ սյունեցիների, պատասխան չի եղել:
«Երեկ 10-ին են կրակել՝ 10:20-ի փոխարեն, 4:30 մեկ էլ: 4:30-ը մի քիչ շատ ա եղել, 10-ինը մի քիչ հեռվից ա եղել: Օր ա լինում՝ թեթև ա, օր ա լինում՝ շատ են կրակում, բայց էս մի երկու օր ա՝ մի քիչ թեթև ա: Մերոնք չեն անում, որ լարվածություն չլինի, գործողություն չկա», - փոխանցեց «Ազատության» զրուցակիցը:
Ադրբեջանցիները Սյունիքի, Գեղարքունիքի ու Տավուշի բնակավայրերի ուղղությամբ տարբեր պարբերականությամբ սկսեցին կրակել խաղաղության պայմանագրի նախագիծը համաձայնեցնելուց հետո: Զուգահեռ՝ Երևանին են մեղադրում իրենց դիրքերը թիրախավորելու մեջ, շուտով երկու ամիսը կլրանա:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ
Ադրբեջանի զինուժը կրակել է Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքըԱդրբեջանի զինուժը կրակել է Խնածախի ուղղությամբ, վնասվել է բնակելի տան տանիքԽնածախի և Խոզնավարի անհանգիստ գիշերները շարունակվում ենԱյդ կրակոցներն ուղեկցվում են ադրբեջանական պահանջներով՝ խաղաղության պայմանագրի ստորագրման համար փոխել Սահմանադրությունը, գնալ ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման:
Այս իրավիճակում իշխանական պատգամավոր Արման Եղոյանի սպասելիքը հայ ժողովրդից է. - «Ես հույս ունեմ, որ մեր ժողովուրդը շատ ամուր նյարդեր ունի և չի տրվի ադրբեջանական սադրանքներին, որովհետև էդ կրակոցները նաև նպատակ են հետապնդում խաթարել հանրային անդորրը մեր հասարակության մեջ»:
Խորհրդարանական ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը նաև ադրբեջանական այս կրակոցներն է համարում վառ ապացույց, որ իշխանության խոստացած խաղաղության օրակարգը տապալվել է:
«Խաղաղության դարաշրջան կոնցեպտը, որի մասին որ խոսում է Նիկոլ Փաշինյանը, հօդս է ցնդել: Ոչ միայն կրակում են Սյունիքի մարզում, Գեղարքունիքում, այլ նաև վերջերս շատացել են կրակոցները Տավուշի մարզում: Իշխանությունը իմիտացիա է ստեղծում, որ իբր Ադրբեջանի հետ պայմանավորվածությունները, պայմանավորվածություններ ունի, իբր Ադրբեջանն էլ է խաղաղություն ուզում: Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, Ադրբեջանը մաքսիմում ուզում է պոկել Հայաստանի Հանրապետությունից ինչքան հնարավոր է տարածքներ, քանի սրանք են իշխանության», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Տավուշի Մովսես գյուղում առավոտյան ինտենսիվ կրակոցներ են լսվելԱդրբեջանական կրակոցների թիրախում այս երկու ամսվա մեջ նաև բնակելի տներ ու Խնածախի մշակույթի տունը հայտնվեցին:
Երևանը երկու պնդում արեց՝ քաղաքացիական օբյեկտների թիրախավորումից հետո կոչ արեցին ադրբեջանցիներին հետաքննել գնդակոծման դեպքերն ու տալ հրապարակային պարզաբանումներ։ Նաև պատրաստակամություն հայտնեցին հետաքննել հայկական կրակոցների մասին ադրբեջանական պնդումները, եթե Բաքուն Երևանին փաստեր տրամադրի:
Անցած շաբաթ պարզվեց, որ տվյալների փոխանակում եղել է, բայց, ինչպես հասկացվում է Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հայտարարությունից, եթե Երևանը հրադադարի խախտման Բաքվի պնդումների վերաբերյալ հետաքննություն արել է, փոխանցել դրանց արդյունքները ադրբեջանական կողմին, ապա Սյունիքի բնակելի տները թիրախավորելու վերաբերյալ հետաքննության Երևանի ակնկալիքները, գոնե անցած շաբաթավերջի տվյալներով, անարձագանք են մնացել:
«Հայաստանը խնդրել է դիվանագիտական ճանապարհով՝ տվյալներ տրամադրել խախտումների վերաբերյալ, որոնց մասին Ադրբեջանը հայտարարում է, նրանց մասին հետաքննություն է կատարել Հայաստանը և փոխանցել է Ադրբեջանին բոլոր միջադեպերի վերաբերյալ: Իսկ Հայաստանի հայտարարած խախտումների վերաբերյալ, որը Ադրբեջանն է խախտումներ կատարել, դրանց վերաբերյալ Հայաստանը տվյալներ է փոխանցել Ադրբեջանին և ակնկալում է մանրամասն հետաքննություն դրանց վերաբերյալ», - ասել էր Գրիգորյանը:
«Ազատության» հարցին՝ իսկ Ադրբեջա՞նը Հայաստանին ինչ տվյալներ է փոխանցել, Անվտանգության խորհրդի քարտուղարն արձագանքել էր. - «Ըստ իրենց խախտումների վերաբերյալ, և մենք հետաքննություն ենք կատարել դրանց մասին, և պարզվել է, որ ընդհանուր առմամբ էդպիսի խախտումներ չեն եղել»:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Խաղաղության պայմանագրի ստորագրման հարցով գուցե լավ նորություններ լինեն. ՄիրզոյանԿողմերի փոխադարձ մեղադրանքների ֆոնին Վաշինգտոնից լավատեսական ակնկալիք հնչեց:
«Ադրբեջանի և Հայաստանի պարագայում մենք շատ, շատ մոտ ենք այդ երկրների միջև առկա հակամարտության վերջնական կարգավորմանը». - այս հայտարարության հեղինակը ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն է:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ուիթքոֆ․ «Մոտ ենք հայ-ադրբեջանական կարգավորմանը»Անցած շաբաթ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում լավ նորությունները չէր բացառել Հայաստանի արտգործնախարարը, ժամեր անց նրա ադրբեջանցի գործընկերը վերահաստատեց Բաքվի նախապայմանները: