Արտգործնախարար Արարատ Միրզոյանի ծեծի գործով մեղադրյալներից Արա Բադոյանն այսօր դատապարտվեց 3,5 տարվա ազատազրկման: Բադոյանը մեղադրվում է 2020 թվականի նոյեմբերի 9-ին Ազգային ժողովի նախագահ Միրզոյանի նկատմամբ բռնություն գործադրելու համար:
Ըստ Ազգային անվտանգության ծառայության՝ Արա Բադոյանն էլ է այդ գիշեր եղել կառավարական ամառանոցում, որից հետո Դեմիրճյան փողոց է գնացել ու միացել Ազգային ժողովի այն ժամանակվա նախագահ Միրզոյանի ծեծին: Արա Բադոյանը շուրջ երկու տարի կալանքի տակ էր, պատիժը կշարունակի եւս մեկ տարի 11 ամիս:
Այս պահին նա ազատության մեջ է, երկրից չբացակայելու պայմանով:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Արարատ Միրզոյանը տեղափոխվել է հիվանդանոց, նրան վիրահատում ենՆրա փաստաբան Մարզպետ Ավագյանը հրաժարվեց մեկնաբանել դատարանի որոշումը: Արդյոք մեղքը ընդունո՞ւմ է, փաստաբանը փոխանցեց, թե վստահորդի թույլտվությունը չունի մեկնաբանություններ անելու համար:
Այս քրեական գործի մի մասն Է անջատվել ու դատարան հասել, մյուս դրվագներով նախաքննությունը շարունակվում է: Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը երկու օր առաջ խորհրդարանի ամբիոնից հայտարարեց, թե բարձրաստիճան պաշտոնյային առնչվող այս քրեական գործն իր առաջնահերթություններից է, և խոստանում էր, որ առաջիկայում արդյունք կլինի:
«Ներկայումս հավաստիացնում եմ, որ հենց հիմա այդ գործով քննչական ստորաբաժանումը կատարում է, պլանավորում է անհետաձգելի քննչական գործողություններ և շուտով արդյունքներ կունենանք, որովհետև ի պատիվ Ազգային անվտանգության ծառայության բազմաթիվ չպարզաբանված անձանց արդեն նույնականացրել ենք», - նշել է նա:
Արարատ Միրզոյանի ծեծի գործով Թորգոմ Ասատրյանի դատավարությունը շարունակվում է, նա կալանավորված է ու մեղքը չի ընդունում: Նրա Փաստաբանը պնդում է՝ ոչ մի ապացույց չկա, որ իր պաշտպանյալը հարվածել է Միրզոյանին, տեսանյութերում էլ նա չի երևում: Հիմնվել են բացառապես Արարատ Միրզոյանի ցուցմունքների վրա:
«Միայն ու միայն Արարատ Միրզոյանի ցուցմունքի վրա, ով ամբողջ նախաքննության ընթացքում մի բառ անգամ Թորգոմ Ասատրյանին ճանաչելու վերաբերյալ չի հայտնել: Միայն եկել է դատարան ու դատարանում սկսել է ուղղակիորեն մեղադրանքի մեջ ինչ նշած է կրկնել ավտոմատ կերպով», - ասաց փաստաբանը:
2020-ի այս դեպքերը, որ զարգացան նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունը ստորագրելուց հետո, իրավապահները 4,5 տարի է՝ քննում են: Թորգոմ Ասատրյանը կալանավորվել է դեպքից 2,5 տարի հետո:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Բողոքի ակցիաները Երևանում շատ արագ անկարգությունների վերածվեցինՓաստաբան Արա Զաքարյանը պնդում է՝ իր պաշտպանյալի մեղքը հաստատող ապացույց չկա. - «Տեսանյութում էդպիսի դրվագ չկա, ոնց որ նկարագրում է պարոն Միրզոյանը, երկրորդի հետ կապված, որ գետնին ընկած, ասում է, տեսել է, թե ինչպես է Թորգոմ Ասատրյանն իրեն հարվածներ հասցնում, դա ևս ուղղակիորեն հակասում է տեսանյութին, որովհետև տեսանյութի մեջ հստակ երևում է, որ գետնին ընկած մարդու դեմքն անմիջապես կոստյումով փակում են, ու էն ենթադրյալ անձը, որ դրանից հետո մոտիկանում ու սկսում է հարվածներ հասցնել գետնին ընկածին, հիմա հարվածները դիպչում են, թե չեն դիպչում հարցի մի կողմն է, բայց գետնին ընկած անձի դեմքը փակ էր, ինքը նույնիսկ ցանկության դեպքում չէր կարող տեսնել»:
Թորգոմ Ասատրյանը արևելյան մարտարվեստի վարպետ է, չեմպիոն, քաղաքականության հետ կապ չունի, ասում է նրա պաշտպանը, նոյեմբերի 9-ի գիշերը մասնակցել է իշխանության դեմ բողոքի ակցիաներին, բայց պաշտպանի պնդմամբ՝ կոնկրետ դեպքի վայրում, որտեղ ծեծել են ԱԺ նախագահին, չի եղել: Դատավարությունը միակողմանի է որակում Արա Զաքարյանը:
Գլխավոր դատախազությունից «Ազատությանը» հայտնել են, որ նոյեմբերի 9-ի զանգվածային անկարգությունների քրեական գործի նախաքննությունը դեռ շարունակվում է: