Նոր Նորքի թաղապետարանում աշխատակիցներն այսօր կա՛մ լուռ էին, կա՛մ անտեղյակ՝ արդյոք թաղապետ Տիգրան Տեր-Մարգարյանը հրաժարական է տվել։ Մի քանի լրատվամիջոցներ, սեփական աղբյուրներին հղում անելով, պնդում էին, թե 15 օր առաջ ակտիվիստին տեսախցիկների առաջ ծեծած թաղապետն այսօր առավոտյան հրաժեշտ է տվել իր աշխատակիցներին։
Վերելակ մտնող տղամարդը հիշեցրեց ապրիլի 30-ին թաղապետարանում ակտիվիստ Արթուր Չախոյանին ծեծած խմբից մեկին: Նա այսօր ընդգծված լուռ էր, լրագրողներիս հարցերին պատասխանելու փոխարեն էլ որոշեց նախ բերանը փակել, հետո ձեռքով հրաժեշտ տվեց։
Թաղապետարանում տեղի ունեցած ծեծկռտուքին նախորդել էին Չախոյանի՝ նորակառույց մանկապարտեզի հետ կապված ենթադրաբար կոռուպցիոն բացահայտումը, թաղապետի հետ հայհոյախառը հեռախոսազրույցն ու յոգուրտներով ակցիան։ Հետո քրեական գործեր հարուցվեցին. մի խումբ անձանց կողմից ֆիզիկական ներգործության հոդվածով մեղադրանք առաջադրվեց չորս հոգու, այդ թվում՝ թաղապետին, ակտիվիստ Արթուր Չախոյանն ու ավագանու ընդդիմադիր անդամն էլ մեղադրվում են խուլիգանության համար: Այս ամենից հինգ օր անց բռնությունը քննադատեց քաղաքապետը։ Դատապարտեց, բայց թաղապետին աշխատանքից չազատեց։ Տիգրան Ավինյանը տեղի ունեցածը որակեց սադրանք. - «Այո, դա սադրանք էր»:
Այս հայտարարությունից մի քանի օր անց կատարվածին ամենևին այլ գնահատական տվեց Ավինյանի թիմակից, Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պնդելով՝ թաղապետը պետք է հրաժարական տար։
«Շատ վատ դեպք ա: «Հանրապետություն» կուսակցությունը եթե հետևություն չարեց և իր վրա քաղաքական պատասխանատվություն չվերցրեց, «Հանրապետություն. կուսակցությունը ինչպես մի վեց ամիս առաջ բարձր արդյունքներ գրանցեց և վստահություն ստացավ ժողովրդից, դրա հակառակն ա ստանալու», - հայտարարեց ԱԺ նախագահը:
Նոր Նորք վարչական շրջանի ղեկավարը «Հանրապետություն» խմբակցության անդամ է։ Նաև այս խմբակցության հետ կոալիցիա կազմելով «Քաղաքացիական պայմանագիրն» իշխանություն ձևավորեց մայրաքաղաքի ավագանիում, Ավինյանն էլ քաղաքապետ ընտրվեց: Քննադատություններին, թե Երևանում իշխանությունը չկորցնելու համար ՔՊ-ն «Հանրապետություն» կուսակցության ձեռքում պատանդ է դարձել և հենց այդ պատճառով ծեծող թաղապետին պաշտոնանկ չի անում, Ավինյանը հակադարձում էր. - «Երևանի քաղաքապետը, ամենայն հարգանքով, հարգելիներս, չի կարող զուտ միայն կուսակցական տրամաբանությունից ելնի, կամ գործընկերային, կամ մեկին սիրում ա, կամ մեկին չի սիրում»:
Օրվա ընթացքում «Հանրապետություն» կուսակցությունից ո՛չ նախագահ Արամ Սարգսյանը, ո՛չ ավագանու խմբակցության ղեկավար Անի Խաչատրյանը «Ազատության» զանգերին չպատասխանեցին։ «Փաստինֆո»-ի հետ զրույցում էլ այս կուսակցությունից Արտակ Զեյնալյանը բավարարվել էր ընդամենը ասելով՝ «առանց մեկնաբանության»։
Թաղապետարանի լրատվական բաժնից «Ազատությանը» առավոտյան հայտնել էին, թե Տիգրան Տեր-Մարգարյանն ասյօր իր աշխատասենյակում է եղել, քաղաքացիներին է ընդունել. - «Տիգրան Տեր-Մարգարյանը այս պահին պաշտոնավարում ա, եթե նման բան լինի, տեղյակ կլինեք դուք»:
Ավելի քան չորս ժամ նախասրահում սպասող լրագրողները, սակայն, այդպես էլ չկարողացան գոնե մեկ բառ փոխանակել թաղապետի հետ։
Տիգրան Տեր-Մարգարյանի հավանական հրաժարականի մասին կարճ գրառում ֆեյսբուքյան էջում թողեց քաղաքապետի խոսնակը՝ ընդգծելով՝ նման զարգացման դեպքում կտրվի պաշտոնական մեկնաբանություն։
Ու մինչ պատկան մարմինները լուռ են, մամուլն արդեն գրում է Նոր Նորքի նոր թաղապետի թեկնածուի անունը, որը, շրջանառվող լուրերի համաձայն, Երկրապահ կամավորականների միության անդամ Մարատ Սևոյանն է։