«Դժբախտ դեպք տեղի ունեցավ: Գյուղը, ինչո՞ւ չէ՝ նաև ռայոնը՝ Ապարանը, մեծ ցավ է ապրում». - Արագածոտնի մարզի Վարդենուտի գյուղապետ Կամո Սահակյանն է պատմում՝ ամբողջ խոշորացված համայնքն է սգում երեկ բանակում մահացած ժամկետային զինծառայող Կարեն Ավետիսյանի մահը: Պաշտոնական հաղորդագրությամբ՝ երեկ առավոտյան, դեռևս չպարզված հանգամանքներում հոսանքահարման հետևանքով է մահացել զինվորը: Նա ընտանիքի միակ տղան էր, անչափահաս քույր ունի:
«Ընդունվել էր Ֆիզկուլտինստիտուտ՝ մարզական լրագրող, ընդունվելուց հետո գնաց բանակ, ու էս դժբախտությունը պատահեց», - «Ազատության» հետ զրույցում ասաց գյուղապետը: - «Չափված, ձևած, խելացի, շնորհքով մարդիկ են, աշխատող, ստեղծող, արարող»:
Պաշտպանության նախարարությունը տարեսկզբից մինչև այսօր բանակում զինվորների մահվան չորս դեպքի մասին է հաղորդել, Քննչական կոմիտեից էլ փոխանցեցին՝ այդ չորս դեպքերով քրեական գործեր են հարուցվել, նախաքննությունը շարունակվում է:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, սակայն, ոչ, թե չորս, այլ յոթ զինծառայողի մահվան մասին տվյալներ ունի: Գրասենյակի իրավապաշտպան Նազելի Մովսեսյանն ասում է՝ յոթն էլ մահացել են խաղաղ պայմաններում:
«Երեք դեպքի մասին պաշտոնապես հաղորդագրություն չի տարածվել, մենք դրանց մասին իմացել ենք պաշտոնական կառույցներին հարցման արդյունքում: Այդ երեք դեպքերից երկուսը առողջական խնդիրների հետևանքով են, մեկ դեպքը ավտովթարի հետևանքով մահվան դեպք է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Մովսեսյանը:
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով՝ նախորդ տարի 40 զինծառայողի մահվան դեպք է արձանագրվել, նրանցից միայն չորսն են հրադադարի ռեժիմի հետևանքով զոհվել, 36-ը մահացել են ոչ մարտական պայմաններում:
Թեև նախորդ տարվա այս նույն ժամանակահատվածի համեմատ, ըստ իրավապաշտպանի, բանակում մահվան դեպքերը նվազել են, այդուհանդերձ, Մովսեսյանը համոզված է՝ ոչ կանոնադրական հարաբերությունները դեռ լուրջ խնդիր են մնում բանակում. - «Շարունակվում են վատ վերաբերմունքի դեպքերը Զինված ուժերում, որոնք հանգեցնում են ինքնասպանության կամ սպանության դեպքերի, կոնկրետ այս տարի երկու դեպքում ինքնասպանություն: Մտահոգիչ և խնդրահարույց է հենց այդ փաստը, որ չեն նվազում ոչ մարտական պայմաններում մահվան դեպքերը, այդ թվում նաև սպանություն և ինքնասպանություն որակված մահվան դեպքերը»:
Երեկ նաև մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն էր Ազգային ժողովի ամբիոնից մտահոգիչ համարել խաղաղ պայմաններում զինծառայողների մահվան դեպքերը:
«Ցավով պետք է նշեմ, որ մենք շարունակում ենք դեռևս ոչ մարտական, խաղաղ պայմաններում ունենալ Զինված ուժերում մահվան դեպքեր, որոնք ունեն, ես վստահ եմ, խորքային պատճառներ, և այդ խորքային պատճառները միանշանակ պետք է շատ լուրջ ոչ թե պարզապես վերլուծության ենթարկվեն, այլ նաև հայեցակարգային լուծումներ պետք է տրվեն այդ խնդիրներից խուսափելու համար, այդ թվում՝ պատասխանատու անձանց պատասխանատվության անխուսափելիությունը երաշխավորելու արդյունքում», - հայտարարել էր օմբուդսմենը:
Քննչական կոմիտեի հաղորդած՝ զինծառայողների մահվան չորս դեպքից միայն մեկով կալանավորված կա, նա ժամկետային զինծառայող է: Թե կոնկրետ որ դեպքի մասին է խոսքը, կոմիտեից չեն մանրամասնում:
Նազելի Մովսեսյանն ասում է՝ խաղաղ պայմաններում մահացած զինծառայողների հարազատները հիմնականում չեն ընդունում պաշտոնական վարկածները:
«Նախկինում շատ ավելի հաճախ հանդիպող և ներկայումս որոշ դեպքերում նորից հանդիպող պրակտիկա է, երբ ծնողները համաձայն չեն «ինքնասպանություն» որակման հետ, կարծում են, որ դեպքը տեղի է ունեցել սպանության հետևանքով», - ասաց իրավապաշտպանը՝ շարունակելով. - «Զինծառայության ընթացքում ծառայողների հետ հարաբերությունների, վատ վերաբեմունքի դեպքերի՝ հիմնականում կասկածները առաջանում են դրանից: Նախորդ տարվանից մենք ունենք երկու դեպք, որոնցով զբաղվում ենք, մեկ դեպքում է, որ զինծառայողի հարազատները ենթադրում են՝ հավանական է, որ ինքնասպանություն է: Սակայն այստեղ այլ հանգամանքներ կան, թե ինչն է դրդել զինծառայողին ինքնասպանության: Որովհետև թե՛ քրեական բարքերը, որոնք չեն վերանում Զինված ուժերում, թե՛ զինծառայողների նկատմամբ վատ վերաբերմունքի, սպառնալիքի դրսևորումները՝ բնականաբար, սրանք այն հանգամանքներն են, որոնք կարող են հանգեցնել ինքնասպանության, և անհամաձայնությունը ծնողների սրա հետ է, որ Զինված ուժերում չկա հստակ վերահսկողություն»:
Սյունիքի մարզի զորամասերից մեկում ծառայող Կարեն Ավետիսյանը ծառայությունը կավարտեր հաջորդ տարի: Ապագա սպորտային լրագրողը, ըստ գյուղապետի, օրինակելի վարք է դրսևորել ծառայության ընթացքում, բազմաթիվ պատվոգրեր ուներ: Նրա մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ՝ զինվորական պաշտոնեական անփութության հոդվածով: Քննչական կոմիտեից փոխանցեցին՝ նախաքննությունը շարունակվում է, նշանակվել է դիակի դատաբժշկական փորձաքննություն: