«Եթե լավատեսությունը երկուստեք արտահայտվի, ապա խաղաղության պայմանագիրը կստորագրվի մոտ օրերս, բայց պետք է էդ լավատեսությունը երկուստեք արտահայտվի». - Ազգային ժողովի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ղեկավարող Սարգիս Խանդանյանի խոսքով՝ հայ - ադրբեջանական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում արտգործնախարարի լավատեսությունը հիմնված է Հայաստանի տրամադրվածության վրա:
«Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորը չի հերքում՝ Արարատ Միրզոյանի օպտիմիզմի հիմքում Ադրբեջանի դիրքորոշման փոփոխությունը չէ:
Ենթադրեց, որ լավատեսության համար նաև շփումներն են դեր խաղացել. - «Ենթադրում եմ՝ արտգործնախարարի շփումների և կատարվող աշխատանքի վրա է հիմնված, և նաև մեր՝ Հայաստանի տրամադրվածության վրա է հիմնված»:
«Ազատության» դիտարկմանը՝ «այդ լավատեսությունը որևէ կապ չունի Ադրբեջանի դիրքորոշման փոփոխության կամ նրա որդեգրած դիրքորոշման հետ», Խանդանյանն արձագանքեց. - «Դե, դուք հայտարարությունները տեսել եք, և այդ առումով կարծես թե դեռ փոփոխություն չկա դիրքորոշումների»:
«Առայժմ առաջընթաց չկա, բայց խոսակցություն կա, և ինչպես ցանկացած բանակցության դեպքում, համբերությամբ զինվենք, և գուցե առաջիկայում լավ նորություններ լինեն՝ խաղաղության պայմանագրի ստորագրման [առումով]». - անցած շաբաթ հայկական կողմի՝ արտգործնախարար Միրզոյանի լավատեսական այս հայտարարությունից անմիջապես հետո Բաքուն շատ հստակ հասկացրեց՝ իր առաջադրած պահանջներից չի հրաժարվելու. Երևանից սպասում են իրենց պայմանների կատարում՝ ԵԱՀԿ Մինսկի խումբի լուծարում, Սահմանադրության փոփոխություն:
Մինսկի խումբի լուծարմանը հայկական կողմը պատրաստ է՝ խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ: Ինչ վերաբերում է Սահմանադրությունը փոխելուն, Արդարադատության նախարարությունը Մայր օրենքի նոր տեքստ է գրում: Թեև պնդում են՝ դա անում են ոչ թե Բաքվի պահանջով, այլ ներքին որոշմամբ, բայց վարչապետը հրապարակել է իր տեսակետը՝ նոր տարբերակում Անկախության հռչակագրին հղում չպետք է լինի: Բաքուն հենց Անկախության հռչակագրի մեջ է Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջ տեսնում՝ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին ձևակերպման պատճառով։
«Հայաստանը շատ հստակ իր դիրքորոշումը հայտնել է երկու հարցի վերաբերյալ էլ՝ ԵԱՀԿ-ին դիմումը Մինսկի խմբի լուծարման մասով կարող է տեղի ունենա խաղաղության պայմանագրի ստորագրմանը զուգահեռ, իսկ ինչ վերաբերում է Սահմանադրությանը՝ նախ, Հայաստանի Սահմանադրությունը չունի տարածքային պահանջ որևէ հարևանի նկատմամբ, և երկրորդը՝ խաղաղության պայմանագրի համապատասխանությունը Հայաստանի Սահմանադրությանը ստուգելու միակ ինստանցիան դա Հայաստանի Հանրապետության Սահմանադրական դատարանն է, և դրա համար պետք է ստորագրել խաղաղության պայմանագիրը, որպեսզի խաղաղության պայմանագիրը գնա Սահմանադրական դատարան», - ասաց Սարգիս Խանդանյանը:
Թե՛ Երևանը, թե՛ Բաքուն հաստատել են, որ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցումից հետո կողմերի մեջ բանակցություն, խոսակցություն, շփում կա: Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ասել է՝ բանակցությունները ստորագրման շուրջ են:
Սարգիս Խանդանյանն այսօր էլ հայտարարեց՝ Հայաստանը պայմանագիրը ստորագրելու կամք ունի: Իսկ ադրբեջանական կողմի հետ ընթացող քննարկումներից դատելով՝ ժամկետներ հնարավո՞ր է նշել. - «Ոչ, որևէ կոնկրետ ժամկետ կամ մոտավոր ժամկետ նույնիսկ ես դրա հետ կապված չեմ կարող ասել»:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ալբանիա՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի՝ վաղը նախատեսված գագաթնաժողովին, նրան ուղեկցում է արտգործնախարարը: Վարչապետի գրասենյակից տեղեկացրին միջազգային գործընկերների հետ նախատեսված երկկողմ հանդիպումների մասին՝ առանց հստակեցնելու՝ ում հետ:
Նույն միջոցառմանը մասնակցելու համար Տիրանայում նաև Ադրբեջանի նախագահն է: Արդյոք երկու երկրների ղեկավարները կհանդիպե՞ն, թե՞ հնարավոր է արտգործնախարարների հանդիպում, դեռ պարզ չէ:
Նախօրեին ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը չէր բացառել, որ Հայաստանն ու Ադրբեջանը, ինչպես նաև Լիբանանն ու Սիրիան միանան խաղաղության «Աբրահամի համաձայնագրերին»:
«Աբրահամի համաձայնագրերը» ԱՄՆ միջնորդությամբ մի շարք արաբական երկրների և Իսրայելի հարաբերությունների կարգավորմանը միտված նախաձեռնություն է՝ մնացած Թրամփի նախագահության դեռ առաջին շրջանից:
Ամերիկացի պաշտոնյայի կարծիքով՝ Երևանն ու Բաքուն շատ մոտ են հակամարտության վերջնական կարգավորմանը: Արձագանքելով այս հայտարարությանը՝ Հայաստանի ԱԳՆ խոսնակը փաստացի չի բացառել, որ կարող է քննարկում լինել ամերիկյան այդ նախաձեռնության շուրջ:
Սարգիս Խանդանյանի խոսքով՝ այդ հարցում քայլերը բյուրեղացած չեն, բայց պաշտոնյան այս հարցը ոչ թե հայ - ադրբեջանական, այլ՝ հայ-ամերիկյան քննարկման առարկա է համարում: Իսկ ի՞նչ քննարկումներ կան ամերիկյան կողմի հետ:
«Ենթադրում եմ, որ կան, բայց չեմ կարող շատ կոնկրետ փաստեր և ժամկետներ և այլ դետալներ նշել, որովհետև դրանք ընդամենը քննարկումներ են այս փուլում», - ասաց ԱԺ հանձնաժողովի նախագահը:
Ադրբեջանցիները Թրամփի բանագնացի հայտարարությունից երկու օր անց որևէ կերպ չեն անդրադարձել դրան: