Մայիսի 13-ին մի քանի ժամով Երևանի կենտրոնն ու էրեբունու մի մասը հայտնվեցին մթության մեջ՝ Պուշկին ու Սայաթ-Նովա փողոցներից մինչև Սասունցի Դավիթ ու Վարդաշեն: Բայց թե ի՞նչ էր տեղի ունեցել, ո՞րն էր նման խոշոր վթարի պատճառը և հատկապես ում ենթակայության տակ գտնվող ենթակառուցվածքն էր վթարվել՝ մինչ այժմ հնարավոր չի եղել պարզել:
Հայաստանի էլեկտրական ցանցերն իր հայտարարության մեջ նշել է, որ խնդիրը առաջացել է իրենց ընկերությանը չպատկանող էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգից, ինչի հետևանքով հոսանքազրկվել են ՀԷՑ-ի սպասարկման ոլորտում գտնվող տարածքներ և օդային գծեր: Նույնը նշեց նաև ընկերության մամուլի խոսնակ Նատալիա Սարջանյան:
Բարձրավոլտ էլեկտրահաղորդման համակարգը, որտեղ առաջացել էր վթարի հանգեցրած խնդիրը, և որն, ըստ ՀԷՑ-ի, իր ենթակայության տակ չէ, պարզվում է՝ չի պատկանում նաև «Բարձրավոլտ էլեկտրացանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը: Այդ մասին ընկերությունը հայտարարություն է տարածել:
«Մայիսի 13-ին մայրաքաղաքում տեղի ունեցած հոսանքազրկումները բացարձակապես չեն առնչվում ԲԷՑ-ին պատկանող ենթակառուցվածքներին, մասնավորապես ենթակառուցվածքներին ու ենթակայաններին: Այսինքն՝ մեր համակարգում, մեր ենթակառուցվածքներում վթարային իրավիճակներ չեն եղել», - ասաց ընկերության մամուլի քարտուղար Լուսնե Հարությունյանը:
Այդ դեպքում ո՞ւմ է պատկանում էլեկտրահաղորդման բարձրավոլտ համակարգը, որում վթարը հանգեցրել է այդքան մեծ տարածքով ու երկարատև հոսնաքազրկման, փորձեցինք պարզել ՀԷՑ-ի մամուլի խոսնակից:
«Համակարգը հետևյալն է՝ հաղորդող ցանցից է բաղկացած ու բաշխիչ ցանցից: Մենք բաշխիչ ցանցում ենք: Այսինքն՝ բարձրավոլտ համակարգից էր առաջացել արդեն մեր օդային գծերում խնդիրը: Շատ մասնագիտական քննարկումների առարկա է ու այդ քննարկումների արդյունքում լրացուցիչ ինչ-որ պարզաբանում կտանք, այս պահին ավելին ասել չեմ կարող», - պատասխանեց Սարջանյանը:
Տարածքային ենթակառուցվածքների և էներգետիկայի նախարարությունն այս հարցի պատասխանը դեռ չունի, Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից հայտնեցին, որ հարցն ուսումնասիրում են:
«Իրազեկ և պաշտպանված սպառող» ՀԿ հիմնադիր նախագահ Բաբկեն Պիպոյանը սա մեծ խնդիր է համարում, ասում է՝ չկա համակարգային մոտեցում էներգետիկ ոլորտին և խնդիրներին:
«Ես լսեցի տարբեր գնահատականներ, լսեցի ՀԷՑ-ի գնահատականը, տեսա այսօր Բարձրավոլտերի գնահատականը, տեսա հնարային գնահատականներ, չտեսա պետությանը: Երբ մենք չենք հասկանում, որ մենք երբ ասում ենք, որ ունենք պետություն, էդ պետությունը պարզապես բառ չի, երբ ասում ենք իշխանություն, էդ իշխանությունը պարզապես կենաց չի, դա պատասխանատվություն է կամայական պրոցեսի ու կամայական պրոբլեմի նկատմամբ: Երբ որ էդ գիտակցումը չունենք, ունենում ենք այն, ինչ ունենք այսօր», - ընդգծեց Պիպոյանը:
Ամեն դեպքում Կենտրոնի և Էրեբունու բնակիչները, ովքեր մի քանի ժամ հոսանք չեն ունեցել, փոխհատուցում պետք է ստանան: Նատալիա Սարջանյանը նշեց. - «3 ժամը գերազանցելու դեպքում, այո, նախատեսված է փոխհատուցում: Դրա համար բաժանորդը որևէ բան չունի անելու, այդ փոխհատուցումն ավտոմատ հաջորդ ամիս իր բաժանորդական քարտին, նրա ծախսի 50 տոկոսի չափով, բայց ոչ ավելի քան 2500 դրամը»:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Մեսրոպ Մեսրոպյանն, ի դեպ, նախօրեին իր տարեկան զեկույցը ներկայացնելիս մայիսի 13 -ի խոշոր վթարին չանդրադարձավ: Իսկ հաճախակի հոսանքազրկումների և համակարգում խնդիրներին անդրադառնալով նշեց, որ էներգետիկ համակարգը մաշված է, ժամանակին ներդրումներ չեն արվել:
«Էներգո համակարգը շատ երկար իներցիա ունի, բայց շատ արագ փլուզվում է, մենք հիմա, ցավոք սրտի, բերել-հասցրել ենք մի կետի, որ թևակոխել ենք այդ փլուզման շրջանը: 10 տարի, 20 տարի առաջ համապատասխան ներդրումները տվյալ մաշված հանգույցներում երբ որ չեն արվել, այսօր ունենք ձեր բարձրացրած որակի խնդիրը», - ասաց նա:
Ամեն դեպքում 2026 -ի համար, Մեսրոպյանն ասաց, էլեկտրաէներգիայի, գազի, ջրի սակագների թանկացման մտավախություն չկա: