Մատչելիության հղումներ

Հայհոյանք «բայով» և «առանց բայի». փոխադարձ մեղադրանքներ՝ «թուրք»-ի թեմայով

Լրացված

Վեճը և հրմշտոցը Ազգային ժողովում, Երևան, 14-ը մայիսի, 2025թ.
Վեճը և հրմշտոցը Ազգային ժողովում, Երևան, 14-ը մայիսի, 2025թ.

«Օրինակ, եթե ուզում են որևէ մեկին ամենասուր ձևով խոցել, շատ պարզ ձև կա դրա համար՝ ասել՝ «դու թուրք ես»: Ես ինձ վիրավորելու միտում ունեցող մարդկանց ուզում եմ ուղղակի ասել՝ դրանով իրենք ինձ ամենևին նախ չեն վիրավորում, քանի որ ես դա վիրավորանք չեն ընդունում և ընկալում», - ժամանակին հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուրեմն ով մեզ, ինձ, իմ թիմակիցներին կամ որևէ այլ մարդու կասի թուրք՝ որպես հայհոյանք, դրա մերն էլ, հերն էլ, լավն էլ, ընտանիքն էլ ... », - երեկ Ազգային ժողովում հայտարարեց իշխանական պատգամավոր Արսեն Թորոսյանը:

Ինչո՞ւ են վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորներն ընդդիմությանը վիրավորելու համար շահարկում «թուրք» բառը, այն դեպքում, երբ Փաշինյանն ինքն է հայտարարում, որ ազգությունը վիրավորանք լինել չի կարող, և ամեն ջանք գործադրում է հայ - թուրքական հարաբերությունները կարգավորելու համար՝ փորձելով երրորդ երկրների քաղաքացիների համար բացել հայ - թուրքական՝ տասնամյակներով փակված սահմանը, վերականգնել Անիի պատմական կամուրջը, և այլն :

Երեկ խորհրդարանում ընդդիմության և իշխանության կռիվն ի վերջո ավարտվեց երկուստեք հայհոյանքներով՝ հենց «թուրք»-ի թեմայով:

Ազգային ժողովի փոխնախագահ, իշխանական Հակոբ Արշակյանը երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդու ելույթից հետո ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանին իր պապի թուրքական արմատների մասին ինչ-որ ասեկոսեներ հիշեցրեց, Քոչարյանն էլ ի պատասխան հայհոյեց:

«Ուզում եմ անդրադառնալ Նիկոլ Փաշինյանի անցած շաբաթվա հերթական հիստերիայի նոպային: Եթե նկատել եք, արդեն նա այդքան էդ ջղաձգումների մեջ չի հայտնվում, երբ նրան անվանում են թուրք, կամ դավաճան ... », - ԱԺ ամբիոնից հայտարարեց Քոչարյանը:

«Ասեմ, թե մարդիկ ինչ են ասում Ռոբերտ Քոչարյանի մասին, մարդիկ ասում են՝ հայրը թուրք է, անունն էլ են ասում», - հակադարձեց Արշակյանը:

«Ով որ իմ պապին կասի թուրք ... », - դահլիճից հայհոյանքով հակադարձեց Քոչարյանը:

«Պարոն Արշակյանը երբ որ խոսում էր, պարոն Արշակյանը պնդում չէր անում և դա չէր անում վիրավորական կոնտեքստում», - այսօր ասաց Արտաքին հարաբերությունների խորհրդարանական հանձնաժողովի իշխանական նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա վստահեցնում է՝ իրենց համար որևէ տեսակի խտրականություն՝ ազգայնական, կրոնական, անընդունելի է, այդ թվում՝ տարիքով պայմանավորված: ՔՊ-ական պատգամավորները, սակայն, իրենց ելույթներում երեկ խոսելով Լևոն Քոչարյանի մասին, նրան տալիս էին «Քոչարյանի փոքրիկ տղա» բնութագրումը: Խանդանյանն էլ ձեռնպահ չմնաց «փոքրիկ զավակ» ձևակերպումից:

«Մենք որևէ մեկին թուրք չենք ասել և էդպիսով չենք փորձել վիրավորել որևէ մեկին», - ասաց ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահը:

«Չասա՞ց Արշակյանը ամբիոնից, որ «ասում են, որ ձեր պապը թուրք է», որից էլ վիրավորվեց Լևոն Քոչարյանը», - «Ազատության» այս դիտարկմանը Խանդանյանն արձագանքեց. - «Բայց սա մենք չենք բարձրաձայնում ... «Մենք դրանով չենք փորձում ձեզ վիրավորել», - պարոն Արշակյանի ամբողջ ասածն այդ էր, որ «դուք երբ որ գալիս եք մեզ թուրք ասելով փորձում եք մեզ վիրավորել, մենք էլ կարող ենք ինչ-որ շատ բաներ ասել, բայց դա մեր արժեհամակարգից դուրս է, և մենք դա չենք անում»: Ենթատեքստը ճիշտ հակառակն է՝ որ «թուրք»-ով վիրավորել չի կարելի և պետք չէ»:

«Արսեն Թորոսյանն էլ ասում է՝ «ով որ ասի մեզ թուրք» ... », սրան էլ Խանդանյանը պատասխանեց. - «Արսեն Թորոսյանն ասում է՝ «եթե ձեզ համար «թուրք» բառը վիրավորական է, ապա ... » և այլն: Եթե ինձ եք հարցնում, ինձ համար «թուրք» բառը վիրավորական չէ»:

«Ազատություն». - Փաշինյանն է ավելի վաղ ասել, որ «թուրք» բառը իր համար վիրավորական չէ, երբ իրեն ասում են թուրք, ինքը դրանից չի վիրավորվում, որովհետև իր համար դա վիրավորական չէ: Այսինքն՝ դա բավարար չէ՞ր, որպեսզի գոնե իշխանությունը ազգայնական այս հողի վրա այսպիսի բանավեճ չծավալեր խորհրդարանի ամբիոնից:

Խանդանյան. - Մենք չենք ծավալում էդ բանավեճը: Մեզ փորձում են վիրավորել մեզ թուրք ասելով, մենք էլ ասում ենք՝ թուրք ասելով մեզ չեք կարող վիրավորել»:

«Ազատություն». - Այդպես կարող էիք ասել, ոչ թե ասեիք, որ «ձեր պապը թուրք է, ասում են» ...

Խանդանյան. - Յուրաքանչյուր քաղաքական գործիչ իր խոսքը և փաստարկները ուրույն կերպով է կառուցում:

Արդյոք հայհոյանքը, այն էլ՝ խորհրդարանի ամբիոնից, ընդունելի է իշխանության համար: Սարգիս Խանդանյանն ասում է, որ թե՛ բռնությունը և թե՛ հայհոյանքն իրենց համար անընդունելի են, բայց չի կարողանում ասել՝ իր իշխանական գործընկեր Արսեն Թորոսյանը հայհոյե՞լ է, թե՞ ոչ: Ինչպես Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահն է ձևակերպում՝ հայհոյանքի բայը, այսինքն՝ բուն գործողությունը, Թորոսյանը չի հնչեցրել:

«Ազատություն». - Հիմա, հայհոյե՞լ է ամբիոնից պարոն Թորոսյանը:

Խանդանյան. - Էդ գնահատականի հարց է, ես չգիտեմ: Ես լսել եմ՝ ինչպես է հայհոյել «Հայաստան» խմբակցության առաջնորդի փոքրիկ զավակը:

«Ազատություն». - Պարոն Թորոսյանը երբ որ ամբիոնից ասում է՝ «ով որ մեզ ասի թուրք, մենք սրա սա, նա, նա, նա ... Դա չե՞ք լսել, դա ի՞նչ է նշանակում:

Խանդանյան. - Ես, ճիշտն ասած, բան չեմ, լեզվաբան մասնագետներ ունեմ, կարող եմ Ձեզ ուղղորդել նրանց...

«Ազատություն». - Ինչո՞ւ եք այդ դեպքում, լեզվաբան չլինելով, Լևոն Քոչարյանինը համարում հայհոյանք:

Խանդանյան. - Լևոն Քոչարյանը բառ է օգտագործել փողոցային, որը հայհոյանք է: Արսեն Թորոսյանը կոնկրետ բայով չի շարունակել իր խոսքը:

«Ազատություն». - Դա է միակ տարբերությունը:

Խանդանյան. - Իհարկե, սատանան մանրուքների մեջ է:

«Դոգից ուզում են ավելի դոգական երևալ ու էլեկտորատ փախցնել»

«Բառը որ հնչեցնում են, ոչի՞նչ, այսինքն: Իրանք բայը չեն ասել, աաա, ուրիշների՝ «արի բայի վրա խոսենք»: Բառ ասեին, մերը բայը կասեին: Սրանց ձեռագիրն ա էդ». - ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հորդորում է իշխանությանը կողմնորոշվել՝ ի վերջո, «թուրք» որակումը իրենց համար վիրավորակա՞ն է, թե՞ ոչ:

«Այսինքն՝ էս վիճակից իրե՛նք պետք է դուրս գան, կողմնորոշվեն: Հիմա, ինչո՞ւ ա էդ թուրք ասածը հայ ժողովրդի մեջ էդպես ընկալվում որպես բացասական՝ որովհետև դառը պատմություն ենք ունեցել թուրքերի հետ, ցեղասպանության ենթարկված ազգ, և սա մտել ա մեր, էսպես ասած, լեքսիկոնի մեջ: Եվ հային երբ որ թուրք են ասել, նեղվել ա, նեղացել ա, որովհետև դա կապվել ա բարբարոսության հետ ... », - «Ազատության» հետ զրույցում նշեց ընդդիմադիր պատգամավորը:

Արդյոք իշխանական Արսեն Թորոսյանի հայհոյախառն հայտարարությանը զուգահեռ, դատապարտելի է նաև իր ընդդիմադիր գործընկերոջ՝ Լևոն Քոչարյանի պահվածքը, ով նույնպես հայհոյեց խորհրդարանում: Դաշնակցական Ռուստամյանը Քոչարյանի տոհմածառն է հիշեցնում:

«Մարդու տոհմածառն եք ուզում հայհոյեք, իսկ իր համար դա հայհոյանք ա, այո, որովհետև էդ գերադաստանը էդ ճնշումների տակ ա եղել իրենց ամբողջ պատմության ընթացքում», - ասաց Ռուստամյանը՝ շարունակելով. - «Ես ընդհանրապես դատապարտում եմ խորհրդարանում տեղի ունեցող էս ամբողջ պրոցեսը, էս խայտառակությունը, մեզ չսազող բան ա՝ մեր ժողովրդին էդպիսի բան վերագրել, որ մենք այ սենց խուժանավարի, խուլիգանավարի ենք մենք մեզ պահում մեր խորհրդարանում, և դա մի օր չի տևում, երկու օր չի տևում՝ արդեն դառել ա ամենօրյա ... »:

Դաշնակցական պատգամավորը համոզված է՝ իշխանության այս պահվածը մի պատճառ ունի՝ Փաշինյանը գիտակցում է, որ ազատ, արդար ընտրությունների դեպքում իրենք մեծ խնդիրներ են ունենալու վերընտրվելու հետ կապված:

«Իրանք ուզում են Դոգից ավելի դոգական երևան, երևի մտածում են, որ «էդտեղ մի հատ ինչ-որ էլեկտորատ կա, էդտեղից էլ փախցնենք», - ասաց Ռուստամյանը:

Ի դեպ, խորհրդարանի ամբիոնից ընդդիմությանն ուղղված հայհոյախառն արտահայտություններից հետո, իշխանական Արսեն Թորոսյանն այսօր ֆեյսբուքյան իր էջում թեման շարունակել է՝ գրելով՝ «քաղաքական վենդետա լինելու է»:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG