Մատչելիության հղումներ

Միջադեպ՝ խաղադաշտ մտած պատանի երկրպագուի և համազգեստով տղամարդու միջև


ՖԱՖ-ի՝ Ֆուտբոլի ազգային հավաքականի երկրպագուների «առաջին հայկական ճակատ»-ի ֆեյսբուքյան էջում երեկ մի տեսանյութ է հրապարակվել, որտեղ երևում է, թե ինչպես է խաղադաշտ մտած պատանի երկրպագուին համազգեստով մի տղամարդ հարվածելով և քաշքշելով փորձում դաշտից դուրս բերել:

ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը «Ազատությանն» ասաց՝ դեպքը տեղի է ունեցել Հայաստանի Գավաթի եզրափակիչ խաղի ավարտին:

Ֆուտբոլի ֆեդերացիան միայն պետական լրատվական գործակալության՝ «Արմենպրես»-ի հարցերին է պատասխանել՝ դատապարտելով տեղի ունեցածը, նշել են, որ անչափահաս երկրպագուի նկատմամբ անհամաչափ ուժ կիրառած տղամարդը, Ֆեդերացիայի անվտանգությունն ապահովող ծառայության աշխատակցիներից մեկն է: Ֆեդերացիան ընդգծել է՝ տեղի ունեցածը հակասում է, խաղի կամ տոնական միջոցառման ընթացքում ֆեդերացիայի որդեգրած կանոններին ու արժեհամակարգին: Վստահեցնում են՝ քայլեր կձեռնարկեն, որ նման դեպքերը չկրկնվեն, խաղերն էլ անվտանգ մթնոլորտում անցկացվեն:

«Իսկ արդյոք ֆեդերացիան դիմելո՞ւ է իրենց պահնորդական ծառայություն մատուցող «Տոր» ընկերությանը, որ անչափահասին ծեծած աշխատակցի հետ դադարեցնեն համագործակցությունը», - «Ազատության» այս հարցը Ֆեդերացիան անպատասխան թողեց:

Ոստիկանությունն, ի դեպ, հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե, բայց ՔԿ-ն քրեական գործ չի հարուցել: «Ներկայացված հաղորդումում առերևույթ հանցանքի մասին փաստական որևէ տվյալ չի պարունակում, ուստի քրեական վարույթ չի հարուցվել»,- փոխանցեցին Քննչական կոմիտեից:

Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային փորձագետ Դավիթ Թումասյանը, սակայն, ուսումնասիրելով կադրեր, ասում է՝ առնվազն ֆիզիկական ներգործության հոդվածով քրեական գործ հարուցելու բոլոր հիմքերը կան: Ըստ Թումասյանի՝ քրեական գործ կարող է չհարուցվել, եթե տղայի հարազատները կամ հենց ինքը բողոք չներկայացնեն:

Կադրերում երևացող տղամարդը ոչ թե պահնորդական ծառայություններ մատուցող «Թոր» ընկերության աշխատակիցներից մեկն է՝ ինչպես Ֆեդերացիան էր ներկայացրել, այլ ընկերության տնօրեն Նորայր Ավետիսյանն է: Նրա հետ մեզ կապ հաստատել չհաջողվեց, ֆեյսբուքյան անձնական էջից, սակայն, պարզ է դառնում, որ զբաղվում է նաև մարտարվեստով: Նրա փոխարեն «Ազատության» հետ փոխադարձ զանգով կապ հաստատեց եղբայրը՝ Լևոն Ավետիսյանը, որն այդ ընկերության հիմնադիրն է: Ասաց՝ Ֆեդերացիան իրենց պատվիրել էր խաղի անվտանգությունն ապահովել, իրենք էլ տեղեկություն են ունեցել, թե մի խումբ երիտասարդներ այլ նպատակներով են դաշտ մտել: Պարզաբանում է եղբայրը, հիշեցնելով խաղադաշտ մտնելը միջազգային կանոններով արգելվում է: ՖԱՖ հիմնադիր անդամ Սերգեյ Ջանջոյանը հակադարձում է՝ կարող էին տուգանել, բայց չծեծել:

Խաղադաշտ դուրս եկած երեխայի կամ նրա ընտանիքի անդամների հետ «Ազատությանը» կապ հաստատել չի հաջողվել:

Նորայր Ավետիսյանը ոստիկանության նախկին աշխատակից է, նաև քրեակատարողական հիմնարկում է աշխատել, իր դիմումի համաձայն է աշխատանքից ազատվել: Եղբորը հարցրինք՝ արդյոք ծառայության ընթացքում նաև մարդ ծեծելու դեպքերով է աչքի ընկել, հերքեց՝ ոչ:

Շուրջ 10 տարի առաջ էլ քաղաքական գործիչ Շանթ Հարությունյանի որդին՝ Շահեն Հարությունյանն էր Հայաստան - Պորտուգալիա խաղի ընթացքում մտել խաղադաշտ: Այդ օրերին նրա հայրը բանտում էր: «Ազատություն Շանթ Հարությունյանին և բոլոր քաղբանտարկյալներին» անգլերեն ու հայերեն գրությամբ պաստառով էր խաղադաշտ մտել Շահենը, որին սակայն մի խումբ ոստիկաններ ոչ թե ծեծեցին կամ հարվածեցին, այդ դաշտից գրկած դուրս բերեցին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG