Մատչելիության հղումներ

«Հույս ունենք հսկողության սարքը կհանեն». փաստաբանի պնդմամբ՝ «տատիկների գործով» մեղադրյալ կինոջ ոտքին վերքեր են առաջացել


«Տատիկների գործով» մեղադրյալ Կիմա Հայրապետյանը Գյումրիի ընտրություններից հետո վարչական հսկողության տակ է, իսկ դա նշանակում է, որ նրա ոտքին հսկողության հատուկ սարք է ամրացված, սահմանափակված է նրա տեղաշարժը: Ընտրակաշառքի համար մեղադրվող 75-ամյա կինը շատ է նեղվում դրանից, ոտքին վերքեր են առաջացել, պատմեց փաստաբան Արսեն Բաբայանը:

«Քանի որ առաջիկայում կլինի առաջիկա նիստը, որտեղ պետք է քննարկվի նաև վարչական հսկողության հարցը, հույս ունենք էդ վարչական հսկողությունը վերացնելու, եթե դա էլ չէ, ապա էդ բրասլետը հանելու», - ասաց փաստաբանը:

70-ն անց երկու տարեց կանանց ընտրությունների օրն էին ձերբակալել, երեք օր անազատության մեջ պահել, նրանք անգամ ահազանգել էին, որ ձերբակալելիս իրենց հարվածել են: Հակակոռուպցիոն կոմիտեն հերքել էր ֆիզիկական ուժ գործադրելու մեղադրանքները:

Մյուս մեղադրյալը՝ 71-ամյա Անահիտ Խալաթյանը առողջական խնդիրներ ունի: Բուժօգնություն ստանալու համար նրա ոտքից սարքը հանել են, ապա նորից ամրացրել:

Հակակոռուպցիոն կոմիտեն օրերս ավարտել է «տատիկների գործի» նախաքննությունը, դատախազը դեռ պիտի հաստատի մեղադրական եզրակացությունն ու գործն ուղարկի դատարան: Տարեց կանանց փաստաբան Արսեն Բաբայանն այսօր գործի քննությունից շատ չակերտներ բացեց, քանի դեռ չի ստացել մեղադրական եզրակացությունը: Ասաց՝ քրեական վարույթի հիմքում հեռախոսային գաղտնալսումներ են, դրանցում նախաքննական մարմինը ընտրակաշառքի խոստում է տեսել:

Անահիտ Խալաթյանը պարագայում մեկ այլ հեռախոսազանգ էլ է քրեական վարույթի հիմք դարձել: Նա տեղական ընտրություններում «Մեր քաղաքը» ընդդիմադիր դաշինքի նախընտրական ցուցակում էր ընդգրկված:

Բաբայանը պնդում է՝ «տատիկների գործում» հիմնավոր ապացույց չկա:

Ընտրակաշառքի ու ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու հոդվածով հարուցված այլ վարույթներ էլ կան, որոնք դեռ նախաքննության փուլում են:

Իսկ «Մեր քաղաքը» դաշինքը ղեկավարած ընդդիմադիր պատգամավոր Մարտուն Գրիգորյանի հոր, որդու և ևս մեկ ավագանու թեկնածուի գործը արդեն Հակակոռուպցիոն դատարանում է: Նրանք մեղադրվում են ընտրության ժամանակ բարեգործության արգելքը խախտելու համար: Դատական առաջին նիստը մայիսի 27-ին է:

Ավելի մանրամասն՝ «Ազատության» հեռուստառեպորտաժում.




Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG