Կառավարությունը խստացնում է վարժական հավաքներից խուսափելու դեպքում պատիժը, որոշումն ընդունվել է մայիսի 15-ի նիստին:
Ըստ օրենքների նախագծերի՝ սահմանվում են հավաքներից խուսափելու ձևերը, հստակեցվում կատարվող հանցավոր արարքը: Վարժական հավաքներից խուսափելու դեպքում քաղաքացին կպատժվի տուգանքով՝ առավելագույնը քսանապատիկի չափով կամ կարճաժամկետ ազատազրկմամբ (առավելագույնը երկու ամիս), կամ ազատազրկմամբ՝ 1-3 տարի ժամկետով:
Սակայն, եթե քաղաքացին հավաքից խուսափում է իրեն մարմնական վնասվածք պատճառելու, հիվանդության սիմուլյացիայի, փաստաթուղթ կեղծելու կամ խաբեության այլ ճանապարհով, ապա պատժվում է ազատազրկմամբ՝ 2-5 տարի ժամկետով:
Ըստ նախագծի՝ հանցանք գործած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե կամովին ներկայանում ու ներգրավվում է վարժական հավաքին:
Հիմնավորման մեջ գործադիրը նշել է, որ լինում են նաև դեպքեր, երբ վարժական հավաքների կանչվող քաղաքացիները ուղղակի չեն ներկայանում իրենց հաշվառման վայրի զինվորական կոմիսարիատ:
Պաշտոնական վիճակագրություն համաձայն՝ միայն անցած երկու տարում պարտադիր զինվորական ծառայությունից, զորահավաքից կամ վարժական հավաքներից խուսափելու հոդվածներով ավելի քան 3 հազար քրեական գործ է հարուցվել։ Թե քանի քաղաքացու է մեղադրանք առաջադրվել, չի հրապարակվում։
Բանակի հարցերով զբաղվող փորձագետները խնդրահարույց էին համարել խստացումներն այն դեպքում, երբ Զինված ուժերում բազմաթիվ են չլուծված խնդիրները։